Էլեկտրական հեծանիվներն Արևորդի ամառային դպրոցում

Կանաչ շարժունակություն նախագծի ներկայացումն ընդգրկված էր Արևորդի ամառային դպրոցի օրակարգում։ Գրեթե 4 ժամ պատանիները տեսան, լսեցին ու քննարկեցին էլեկտրական հեծանիվների գաղափարը։

Մասնակիցներից մեկը նույնիսկ առաջարկեց իրենց միջոցով այն ներկայացնել նաև իրենց համադասարանցիներին, ովքեր նույնպես հետաքրքրված են տեխնիկական նորույթներով։

Տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն Վայրի Բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնած Արևորդի ամառային դպրոցն ինքնադրսևորման ու ինքնաձևավորման հարթակ է դառնում պատանիների համար։

Մեկ շաբաթը մեկտեղեց երկու տասնյակից ավել աշխատարաններ, բնախույզ-արշավներ, բնապահպանական վավերագրական ֆիլմերի դիտում-քննարկումներ, hանդիպումներ, ազգագրական պարի դասընթացներ և զարգացնող խաղեր։

Այս տարվա ամառային դպրոցին մասնակցում էին Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ և Վայոց ձոր մարզի Արփի համայնքների «Արևորդի» էկո-ակումբների 12-14 տարեկան սաները: