«Երկրի օր»-ը՝ թումոցիների հետ

Ապրիլի 22-ը ԹՈՒՄՈյի օրացույցում էլ էր կանաչով նշված. Երկրի օրն էր, հեծանիվներով հյուրեր ունեին ու նաև հեծանվային երթ էր նախատեսված:

«Արևորդի» հ/կ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրին «Կանաչ շարժունակություն» նախագիծը: «Կանաչ շարժունակություն»-ը  ֆինանսավորվում է Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից:

Թումոցիները երկու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր դիտեցին՝ «CO2»-ն ու «Սառնարանը», որից հետո ակտիվ քննարկում սկսվեց՝ Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրների մասին: Խոսեցին ու քննարկեցին, թե ինչ է ջերմոցային էֆեկտը, ջերմոցային գազերը, ինչպես են դրանք առաջանում, օգնում ու վնասում մթնոլորտին:

«Արևորդի»-ն հանդիպում-դասընթացին էլէկտրական հեծանիվներով էր գնացել, որոնք պատանի մասնակիցները հնարավորություն ունեցան փորձարկելու: Իսկ այս ամենին հաջորդեց հեծանվային շրջայց Թումանյան այգում:

«Կանաչ շարժունակության» նպատակը հեծանվային մշակույթի ինտեգրումն է, այլընտրանքային փոխադրամիջոցների տարածումն ու էլհեծանիվների /E-Bike/ նկատմամբ վստահության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Ապրիլի 22-ին աշխարհում նշվում է Երկրի օրը: Օրվա նպատակն է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա և հիշեցնել, որ ամեն օր Երկրի օր է: